среда, 23 мая 2012 г.

Սիրային Բանաստեղծություններ


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ: Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում: Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ: Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող: Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ:


 Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր... Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չգիտեմ...

Երբ կհոգնես, կգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.— Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերստին քեզ տանջել: Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին: Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի, 0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի... 

Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող,— Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող: Ւնձ փաթաթիր որպես ամպ՝ Մութ աչքերդ մեղմ փակիր, Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ, Անցավ կյանքս խորտակիր... Արյունոտիր շուրթերն իմ, Սիրտս խայթիր՝ ծիծաղիր. Թ՛ող աչքերս հեզ մեռնին, Կյանքս մարիր ու փախիր: Քո հայացքը մոգական Բորբոքում է քաղցր դող, — Պարուրիր ինձ կուսական Հուզումներով քո դյութող... 

0 коммент.:

Отправить комментарий